ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Արջամկան օրը»

«Արջամկան օրը»
11.02.2014 | 01:47

Փետրվարի 3-ին մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանը իսկ և իսկ հայտնի ֆիլմի հանգույն արձանագրեց «նույնը», ինչի ականատեսն ենք եղել անցած բոլոր տարիներին: Ընդդիմությունն «ուժեղ» միավորվում է, բայց այդ միավորումից ոչինչ չի ստացվում: «Ընդդիմություն» ասածն էլ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն են, որոնք առանց միավորվելու էլ իրար հետ են: ՀՅԴ-ն «առաջ պոռալով» պաշտոններ է ստանձնում, բայց «պոռում» է, որ ինքն իր ձայնը լսի, ապացուցի` դեռ կենդանի է: «Ժառանգությունը» հեռանում է, բայց «մոտենում» է, հայտարարում է, բայց փոշմանում է, մանդատը ցած է դնում, բայց այն դեռ ձեռքին է, ֆրակցիայի ղեկավարը ոչ թե փոխվում է, այլ Արջամկան օրվա հանգույն նույնական է մնում: Միակ տարբերությունն այն էր, որ ՕԵԿ-ն ահավոր ակտիվ սկսեց նստաշրջանը, իսկ թե վերջինիս շունչը կհերիքի՞ հաղթել «Արջամկան օրը», առայժմ հարցական է: Իսկ ահա ՀՀԿ-ն դանթում է «Արջամկան օրվա»` իր մեծ ու «լայնատարած» օրգանիզմով, ինչպես միշտ` մի ուրիշ քնով, բայց և` նույնքան անտաղանդ, կամ գուցե` է՛լ ավելի անտաղանդ:
Միակ չքնածը ՀՀԿ-ում ՄԻԱԿ-ի Մարտիրոսյան Լևոնն էր, ով մինչ այդ եվրոպական քաղաքակրթությունն էր «մարմնավորում» ՀՀԿ-ում, սակայն այս քառօրյայում, ըստ լրատվամիջոցների, մնացած ՀՀԿ-ական «թևերի» «արևելաասիական» հացը կտրեց, զի նեղացած է կառավարությունից ինչ-ինչ երիտասարդական «պահերով», կամ էլ Արա Հովսեփյանին Որոտանի ՀԷԿ-ի նոր «տնօրեն» նշանակելու հարցում հնարավոր է և շտապեցնում է կառավարությանը:
ՀՀԿ-ում հաջորդ «ակտիվն» էլ Սերժ Սարգսյանն էր, ով իրեն ոչ հատուկ, ՀՀԿ գործադիր մարմնի նախորդ երկու նիստերում աննախադեպ ձևով շրջեց հայտնի ֆիլմի օրը` փետրվարի 2-ը, ԳՄ «ծերակույտին» թույլ տալով բաց տեքստով խոսել, «անկեղծանալ» ՀՀԿ «թևային» «այիբների» մասին: Ավելին, ինքը` Սերժ Սարգսյանը ևս «անկեղծացավ», հասկացնելով, որ ՀՀԿ-ական թևերի խաղերն այլևս չի հանդուրժելու, ինքը շատ լավ գիտի` ով, ում, ինչ է «ասում», ում մամլո քարտուղարի միջոցով և ինչպես. թիմը պետք է լինի միասնական, ինքն էլ այս պահին կառավարություն փոխելու ցանկություն չունի` ի հեճուկս նման սպասում ունեցողների:
Այսպիսով, ներքին և արտաքին քաղական մարտահրավերներին ընդառաջ.
ա) Սպասվող զարգացումները Սիրիա-Իրան-ՈՒկրաինա «գեոտարածքներում», գումարած` Ղարաբաղ:
բ) Քաղակտիվիստների վերջին միտինգը, որը բավականին մարդաշատ էր և մեծ էներգետիկա ուներ. ՍԴ-ի «բաց թողած օդը» մասամբ կասեցրել, սակայն չի վերացրել «կուտակայինի» առնչությամբ խառնաշփոթը. հասկանալի է` ՍԴ-ն «ճանաչելու» է օրենքի վավերականությունը, ինչն էլ նոր բազմամարդ ու էներգետիկայով միտինգների շարք է առաջացնելու: Այդ միտինգներին միանալու են նաև Ռուսաստան մեկնել չկարողացողները, որոնք նույնպես քիչ չեն, և միտինգի էներգետիկան ավելի է բազմապատկվելու:
գ) Խաղացողների շախմատային տախտակի անորոշությունը. դեռ պարզ չէ` ով ում հետ և ինչքան է խաղալու, ընդհուպ` մինչև Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմում:
Այսպիսով, ողջ քաղաքական հարթակը վերադասավորվում է 2017-2018 թթ. խորհրդարանական-նախագահական ընտրություններին ընդառաջ, մի կողմից փորձելով սեփական սցենարներով ձևափոխել քաղաքական դաշտը, մյուս կողմից, դիմակայել այլոց սցենարներին:
Սակայն ոչ մեկին առայժմ չի հաջողվել փոխել «Արջամկան օրը», ու մեզանում դեռ «փետրվարի 2»-ն է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ